Դեսպան Վարդանյանը հավատարմագրերն է հանձնել Վրաստանի Նախագահին

Armenpress 19:35, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Նախագահի նստավայրում, օգոստոսի 20-ին, Թբիլիսիում Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանն իր  հավատարմագրերն է հանձնել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհավորելով Յուրի Վարդանյանին Վրաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն է մաղթել նրան և համոզմունք հայտնել, որ իր առաքելությամբ դեսպան Վարդանյանը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերություններին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի դեսպանը վստահեցրել է, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման ուղղությամբ:

Երկուստեք անդրադառնալով հայ-վրացական բազմաոլորտ հարաբերություններին՝ զրուցակիցները քննարկել են դրանց հետագա զարգացման հնարավորությունները՝ այդ համատեքստում կարևորելով բարձր մակարդակով ընթացող դինամիկ քաղաքական երկխոսությունը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am