Ադրբեջանցի օլիգարխը դարձել է ֆրանսիական անեկդոտների հերոս

Armenpress 14:48, 20 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ֆուտբոլասեր օլիգարխ Հաֆիզ Մամեդովը, որը երկու տարի առաջ գնելով ֆրանսիական «Լանս» ակումբը, Մոլիերի դարաշրջանին հատուկ քաղքենիություն էր մտցրել Ֆրանսիայի մարզական կյանքում, վերածվել է ֆրանսիական անեկդոտների նոր հերոսի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Եթե ֆրանսիացիները կարողացել են աչք փակել Բաքվում նրա կողմից ֆրանսիացի լրագրողներին կաշառելու փորձի, «Լանս» ֆուտբոլային ակումբի երկրպագուների մեջ սեփական անձի պաշտամունքի տարածման եւ թիմի երկրպագուների թիվը տեղացի շրջմոլիկներին ու հարբեցողներին կաշառելու միջոցով մեծացնելու վրա, ապա ֆրանսիացիները չկարողացան ներել «Լանս»-ի քայքայումը եւ վրեժ լուծեցին նրանից ֆրանսիական ձեւով` հումորով:

Սոցիալական ցանցերում Հաֆիզ Մամեդովի մասին տարածվում են բազմաթիվ անեկդոտներ, ով Ֆրանսիա է եկել հեռավոր Ադրբեջանից, եկրպագուներին ոսկե սարեր խոստացել եւ հեռացել` այդպես էլ չկատարելով իր խոստումները:

«Հաֆիզ Մամեդովը ծագումով Կրակների երկրից է: Երեւի, այդ պատճառով նա այրեց այն ամեն լավը, ինչ եղել է «Լանս» ֆուտբոլային ակումբում», -կատակում են ֆրանսիացիները:

Ֆրանսիական «Լանս» ֆուտբոլային ակումբի հետ կապված ադրբեջանցի օլիգարխի արկածները մեծ հարված են հասցրել Ադրբեջանի հեղինակությանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հայտնել են, որ Ադրբեջանում պատրաստվում են քրեական գործ հարուցել օլիգարխի դեմ:

Հաֆիզ Մամեդովը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի նավթային բիզնես նախագծերի գլխավոր իրագործողներից մեկն է: Նա հայտնի է իր անհավասարակշիռ գործողություններով ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արտասահմանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am