Նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրվելը ծանր հետևանքներ կունենա երկրի համար. Հասան Ջեմալ

Armenpress 12:26, 11 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրդողանի` Թուրքիայի 12-րդ նախագահի պաշտոնում ընտրվելն իր համար հաղթանակ է, իսկ Թուրքիայի համար` պարտություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24.com.tr լրատվամիջոցը, այս մասին իր հոդվածում գրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած հայտնի թուրք մտավորական Հասան Ջեմալը:

Նա ներկայացրել է 50 պատճառ, թե ինչու Էրդողանը չի կարող զբաղեցնել երկրի ղեկավարի աթոռը: Հոդվածագիրը նախ ընդգծել է, որ Էրդողանը մշտապես արհամարհում է խոսքի և մամուլի ազատությունը: Որպես ասվածի ապացույց նա հիշեցնում է, թե ինչպես է արդեն նախկին վարչապետը սպառնալիքներ հնչեցրել տարբեր լրագրողների հասցեին, գրաքննության ենթարկել հեռուստատեսային ծրագրերը, փակել տվել Twitter-ը և YouTube-ը, սոցիալական մեդիան հայտարարել է «գլխացավանք», արել է ամեն բան «համացանցի լեզուն կտրելու համար, իսկ իր պես չմտածողներին հայտարարել է հայրենիքի դավաճան»: Հասան Ջեմալը նշում է, որ նման պահվածքով Էրդողանը ցույց է տվել իր ատելությունն անկախ լրատվամիջոցների նկատմամբ:

Հոդվածագիրը նշում է նաև, որ իր գործունեության արդյունքում Էրդողանն ի չիք է դարձրել արդարադատության անկախությունը և արհամարհել է գործադիր, օրենսդիր և դատական համակարգերի տարանջատման սկզբունքը:

Անդրադառնալով հայերի, զազաների, ալևիների նկատմամբ արած ռասիստական արտահայտություններին` Ջեմալը փաստում է, որ նորընտիր նախագահը մշտապես բևեռացրել է թուրքական հասարակությունը, սերմանել է ատելություն, խտրականություն, ռասիզմ: Մտավորականն իր հոդվածն ավարտել է այն եզրահանգմամբ, որ նախագահական այս ընտրությունները Թուրքիայի համար դեռ ծանր հետևանքներ են ունենալու, քանի որ երկիրն այդպիսով մուտք է գործում ծանր անիրավությունների մի շրջան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am