Հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է. Սերժ Սարգսյան

Armenpress 11:09, 11 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի մոտեցումներում զարմանալի ոչինչ չի տեսնում, քանի որ Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին:  «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանեով հարցին` Թուրքիայում այսօր ընտրում են մի մարդու, ով հրապարակային իր ելույթների ժամանակ իր հայ լինելու վարկածը որակել է որպես վիրավորանք: «Արդյո՞ք սա հիմք է տալիս պնդելու, որ բոլոր այն սպեկուլյացիաները՝ Թուրքիայի բանակցային գործընթացում հնարավոր միջնորդական առաքելության մասին, արդեն վերջնականապես կդադարեն»,- հարցին ի պատասխան ՀՀ Նախագահը նշել է. «Բայց ինչո՞ւ եք զարմանում Թուրքիայի վերաբերմունքից: Եղե՞լ է դեպք, երբ Թուրքիան անաչառ դիրքորոշում է արտահայտել: Թուրքիան այն երկիրն է, որ միանշանակ սատարում է Ադրբեջանին: Ցանկացած հարցում: Եվ ես իրոք կզարմանայի, եթե պարոն Էրդողանը ցավակցություն հայտներ նաև հայկական կողմին»:

Ինչ վերաբերում է Էրդողանի մոտեցումներին, ապա Սերժ Սարգսյանը կարծում է՝ այստեղ էլ զարմանալի ոչինչ չկա: «Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: Այլ բան, որ այդպիսի դիրք զբաղեցնող մարդիկ պետք է զուսպ լինեն: Իսկ նրանք զսպվածություն չունեն: Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար շատ պարզ է, ակնհայտ է: Մենք դրանում քանիցս համոզվել ենք: Այդ թվում նաև՝ արձանագրությունների բանակցությունների ժամանակ: Դրա համար մենք շատ ուշադիր էինք՝ հանկարծ այդ արձանագրություններում որևէ կետ, որևէ դրույթ չլինի, որ կարող է մեզ կաշկանդել ղարաբաղյան բանակցություններում: Այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ և հստակ է»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` շատերը մտածում են, որ իր առջև դնելով տարածաշրջանային առաջնորդ դառնալու խնդիր՝ Թուրքիան կարող է հավասարակշիռ դիրքորոշում, հավասարաչափ մոտեցում ցուցաբերել: ՀՀ Նախագահի համոզմամբ`դրանք միամիտ մարդիկ են՝ ոչ միայն մեր նկատմամբ, այլ ուրիշների նկատմամբ: «Չեմ տեսնում այսօր Թուրքիայում իշխող քաղաքական ուժի կողմից այդպիսի միտումներ, այդպիսի գործողություններ: Պետք է շատ ավելի լայնախոհ դրսևորումներ լինեն, որպեսզի մենք երբևէ հասնենք այդպիսի իրավիճակի»,- նկատել է ՀՀ առաջնորդը:

Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Սերժ Սարգսյանն ամփոփում է հանդիպման արդյունքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am