ՌԴ կառավարությունը Պուտինին կառաջարկի ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը

Armenpress 12:53, 7 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը կներկայացնի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը, ԵՏՄին Հայաստանի անդամակցության հարցն ընդգրկված է Ռուսաստանի կառավարության օգոստոսի 7-ի նիստի օրակարգում:

«Միացման պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության   միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին»,- նշվում է հաղորդագրությունում:

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ստորագրել են մայիսի 29-ին Աստանայում: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական միության ստեղծումը Մաքսային միության երկրներին բարձրացնում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի, ամբողջանում է ԱՊՀ տարածքում խոշորագույն միասնական շուկայի (170 մլն մարդ) ձևավորման գործընթացը:

Հուլիսի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուսական դեսպանների և մշտական ​​ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նշել է, որ շատ մոտ ապագայում Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am