Ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի ադրբեջանական ղեկավարությանը. Էդվարդ Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է «Արմենպրես» գործակալության հարցին, թե «ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումներն ու կազմակերպված դիվերսիոն ներխուժման փորձերը»:
«Խստագույնս դատապարտում ենք վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրիչ գործողությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի կտրուկ սրման պատճառ են դարձել: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ադրբեջանական հարձակումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին:
Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 1994թ. մայիսի` հրադադարի հաստատման և 1995թ. փետրվարի` հրադադարի ամրապնդման վերաբերյալ համաձայնությունները, արհամարհել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կոչերը` զերծ մնալու սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից, և միջազգային հանրության հորդորներն առ այն, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը և որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել կայունության և խաղաղության: Բաքվի հերթական արկածախնդրությունը նպատակ է հետապնդում խաթարել բանակցային գործընթացը:
Ադրբեջանը, լինելով սադրանքների նախաձեռնողը և հրահրողը, փորձում է դրանց պատասխանատվությունը բարդել մյուս կողմերի վրա: Սակայն ակնհայտ է, որ մերժելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկները` Ադրբեջանն իր վրա է վերցնում հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը:
Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը սթափեցնի իրականության զգացումը կորցրած և միջազգային հանրության արժեհամակարգին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:
Եռանախագահող երկրների հետ համատեղ, Հայաստանը գործադրելու է անհրաժեշտ քայլերը սադրիչ գործողությունների կասեցման, իրավիճակի կայունացման, հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման նպատակով բանակցային գործընթացի շարունակման համար»,- նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը