Կուտակային կենսաթոշակային համակարգում կատարված փոփոխությունների մասին անվճար դասընթացներ կանցկացվեն

Armenpress 17:44, 1 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամը վերսկսել է անվճար ուսուցման ծրագիրը` կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները քաղաքացիներին ներկայացնելու նպատակով: Դասընթացների մասնակիցները հանգամանորեն կծանոթանան հունիսի 21-ին ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի հիմնական շեշտադրումներին, այն փոփոխություններին ու նորամուծություններին, որոնք առավել կարևոր և էական են քաղաքացիների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից, դասընթացների ժամանակ կներկայացվեն նաև սոցիալական վճարների պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումների ձևաչափերը վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի (նոտարների), հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի համար և այդ դիմումները հարկային մարմնին ներկայացնելու ընթացակարգը, այլ հարակից հարցեր:

Դասընթացներին մասնակցության համար հարկավոր է զանգահարել կենսաթոշակային թեժ գծին` 114 կարճ հեռախոսահամարով, կամ դիմել epension@epension.am էլ. փոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am