Գետք համայնքում բռնության հետքերով և հրազենային 4 վնասվածքներով տղամարդու դի է հայտնաբերվել

Armenpress 12:59, 25 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում հուլիսի 24-ին` ժամը 17.10-ին, ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ` կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 1964թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am