«Օրինաց երկիրն» առաջարկում է ստեղծել ԱԺ աշխատանքային խումբ գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների հարցը կանոնակարգելու համար

Armenpress 19:58, 23 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը դիմել է Ազգային ժողովի խմբակցություններին` աշխատանքային խումբ ձևավորելու նախաձեռնությամբ, որը ձեռնամուխ կլինի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի մշակմանը և որոնց ուժով կկանոնակարգվեն գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների ձևավորման սկզբունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարվել է ՕԵԿ-ի հուլիսի 23-ին կայացած քաղաքական խորհրդի նիստի ժամանակ:

Առաջարկվել է հանձնաժողովի կազմում գոնե խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավել մեկական ներկայացուցիչներ Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններից, ինչպես նաև` ԱԺ-ում ձևավորել մշտական համագործակցության ձևաչափ` բաղկացած խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որը մշտական ուշադրության կենտրոնում կպահի սակագների թանկացման գործընթացը, կանխարգելիչ առաքելություն կստանձնի այդ ուղղությամբ:

ՕԵԿ քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու և շղթայական թանկացումներ թույլ չտալու համար:

Քաղաքական խորհուրդը նաև շնորհակալություն է հայտնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փաստով մտահոգ քաղաքական և հասարակական կազմակերպություններին և քաղաքացիներին` կուսակցության հրավիրած հանրահավաքին մասնակցելու  համար:

Նիստին քննարկվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը հունիսի 26-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով:

Դատարանը մերժել էր քննարկել դիմումը, որից հետո կուսակցությունը 2014 թվականի հուլիսի 10-ին կրկին անգամ դիմել է ՀՀ վարչական դատարան` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» արդեն 2014 թվականի հուլիսի 1-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Համապատասխան դիմում է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` վերանայելու սահմանված սակագները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am