Ջեյմս Ուորլիքը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը

Armenpress 16:41, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կընդունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հարցով Փարիզում հանդիպելու վերաբերյալ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուորլիքը հայտնել է APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որում նա ընդգծել է, որ «այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

«ԱՄՆ-ը եւ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են օգնություն ցուցաբերելու կողմերին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում գտնելու գործում: Այն ռազմական լուծում չունի: Համանախագահները ցանկանում են Բրյուսելում հանդիպել նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, որպեսզի քննարկեն հետագա քայլերը: Մենք հուսով ենք, որ նախագահները կընդունեն Փարիզում հավաքվելու առաջարկը: Երբ նախագահները նոյեմբերին հանդիպեցին Վիեննայում, մենք այն բանի վկան եղանք, որ առաջընթաց հնարավոր է: Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակումը խաղաղության ուղղությամբ առաջ շարժվելու կարեւոր քայլ կդառնա: Համանախագահները պատրաստ են օգնելու ցանկացած կերպ»,- ասել է ամերիկացի համանախագահը:

Ջեյմս Ուրլիքը հայտնել է նաեւ, որ դեսպան Պյեռ Անդրիեն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am