Ինտեգրացիոն տարբեր ուղղությունները չեն խոչընդոտի հայ-ուկրաինական տնտեսական հարաբերություններին. Իվան Կուխտա

Armenpress 13:29, 22 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ հանգամանքից, որ Հայաստանն ու Ուկրաինան ընտրել են ինտեգրացիոն տարբեր ուղղություններ եւ գտնվելու են տնտեսական տարբեր կառույցներում, երկու երկրներն էլ ոգեւորված են տարբեր ոլորտներում համագործակցության շարունակմամբ եւ խորացված: Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի գնահատմամբ, քանի որ երկու երկրների միջեւ առկա է տնտեսական լուրջ հարաբերություն եւ հետաքրքրությունների մեծ շրջանակ, ապա ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին Երեւանում կկայանա միջկառավարական համաժողով, որի ընթացքում կողմերը մանրամասն կքննարկեն տնտեսական համագործակցությունը:

«Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ուկրաինան շուտով կվավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Սակայն դա չի խանգարի որպեսզի հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունները զարգանան, քանի որ առկա է երկուստեք հետաքրքրություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`լրագրողների հետ զրույցում ասաց Իվան Կուխտան` հավելելով, որ Հայաստանն Ուկրաինա է արտահանում հիմնականում կոնյակ եւ միրգ` հատկապես ծիրան, իսկ Ուկրաինայից Հայաստան է ներմուծվում կաթի փոշի, ձեթ, մետաղյա իրեր, քաղցրավենիք:

Ուկրաինան ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը թե քաղաքական, թե տնտեսական մասով, ինչը ենթադրում է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ կարող է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում իրականացնել առեւտուր զրոյացված կամ չնչին մաքսատուրքերով: Հայաստանն ընտրել է ինտեգրացիոն այլ ուղղություն եւ շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am