Հալեպում հայ է վիրավորվել

Armenpress 19:50, 16 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հուլիսի 16-ին ահաբեկչական խմբավորումների արձակած գազի ռումբի պայթյունից հայ է վիրավորվել: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Վիրավորը Կարպիս Մոմջյանն է: Բարեբախտաբար, նրա վիճակը մտահոգիչ չէ: Դեպքը տեղի է ունեցել Նոր Գյուղ հայկական թաղամասում:

Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում գազի ռումբերի ընկնելու հետևանքով վիրավորվել էին Արփի և Գոհար Կույումջյանները, Նվեր Գրտանյանը և Հռիփ Ղազարյանը:

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am