Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստը

Armenpress 19:35, 15 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՏՏԶԱԽ նախորդ նիստի հանձնարականների կատարման ընթացքի մասին զեկուցմանը ծանոթանալուց հետո խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը: 

Նիստում արծարծվել են ՏՏ ոլորտում դրամաշնորհային ծրագրերի, կրթական ծրագրերում մասնավոր ներդրումների՝ ԱԱՀ-ով հարկման նպատակահարմարության, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման ինստիտուտին և հարկային վարչարարությանը վերաբերող հարցեր: Այս առնչությամբ առաջարկվել է խնդիրների լուծումը դիտարկել օրենսդրական փոփոխության ձևաչափի շրջանակում: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ համակողմանիորեն քննարկել հարցերը և ներկայացնել լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:

Մեկ այլ հարցով քննարկվել է ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում և այլ կենտրոններում անվճար ու վճարովի հիմունքներով ուսանողական պրակտիկայի կազմակերպման հարցը: Առաջարկվել է աշխատանքային/հարկային օրենսդրությամբ հստակ սահմանել ուսանող-փորձնակների կարգավիճակը և համապատասխան կարգավորումներ նախատեսել նրանց պայմանագրում՝ սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am