Հայաստանի ԱԷԿ-ի հիմնանորոգումը կսկսվի 2017 թվականին

Armenpress 14:45, 2 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմական էլեկտրակայանի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականին, որի շնորհիվ հնարավոր կլինի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնել մինչեւ 2026 թվականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա նշեց, որ ԱԷԿ-ի հիմնանորոգումը նախնական հաշվարկներով մոտ 300  մլն դոլար կարժենա: «Աշխատանքները կարող են տևել ավելի քան 6 ամիս, որը հնարավոր է ազդեցություն ունենա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Սակայն Կառավարությունը ծրագրեր ունի, որ մոտակա տարիների ընթացքում կառուցվի Երևան ՋԷԿ-ի 2-րդ բլոկը, որն ավելի ձեռնտու կլինի սակագնային առումով»,- «Արմենպրես»-ին հաղորդմամբ` ասաց Զախարյանը:

Նախարարն անդրադարձավ նաև նոր ատոմակայանի կառուցմանը` նշելով, որ դրա կառուցման աշխատանքները կարող են մեկնարկել 2018-2019 թվականների ընթացքում: «Նոր ատոմակայանի կառուցումն անխուսափելի և անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության համար: Այսօր  բանակցություններ են տարվում  Ռուսաստանի և այլ երկրների հետ, նպատակաուղղված աշխատանք է կատարվում, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները սկսենք 2018-2019 թվականներին»,-նշեց նախարարը:

ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2026թ. երկարացնելու որոշումը կառավարությունն ընդունել էր 2013թ. սեպտեմբերի 13-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am