Երևանյան բեսթսելեր 2/18. Կամիլ Լըմոնյեի գիրքը հայտնվել է վարկանիշային աղյուսակում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: «Մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»: Այս հանճարեղ նախադասությունը գրքի ամենահայտնի արտահայտությունն է, որը գիտեն թե մեծերը, թե փոքրերը: Բոլոր ժամանակների և սերունդների սիրելի ստեղծագործությունը հայ գրքասերների դատին է հանձնել «Անտարես» հրատարակչությունը: Գործը շարունակվում է մնալ պահանջված և սիրելի:
Համաշխարհային գրականությունն այս տարվա ապրիլի 17-ին մեծ կորուստ կրեց: Երկար հիվանդությունից հետո կյանքի 88-րդ տարում վախճանվեց կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը: Իր երկարամյա գրական գործունեության ընթացքում անվանի գրողը հեղինակել է արդեն իսկ դասական դարձած բազմաթիվ գործեր: Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակն այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը:
Ֆրանց Կաֆկայի «Դղյակը» այս շաբաթ զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Այն համարվում է 20-րդ դարի գրականության մեծագույն նվաճումներից մեկը:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության. Տաղեր» գիրքը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Վարկանիշային աղյուսակում տեղ է գտել նաև Ռեյ Բրեդբերիի «451° ըստ Ֆարենհայթի» վեպը, որը հայերեն է թարգմանել Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանը: Ռեյ Բրեդբերին ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող է, ով իր ստեղծագործության մեջ միահյուսում է ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը: «451° ըստ Ֆարենհայթի» վեպում և պատմվածքներում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին:
Գրիգոր Նարեկացու` «Մուղնի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Գրիգոր Նարեկացու` «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն այս շաբաթ կրկին ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վարկանիշային աղյուսակի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած գիրքն է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպը: Այն «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարից է: «Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկվել իր անպարկեշտ բովանդակության և արծարծած իբր անբարոյական գաղափարների համար: Այնինչ, Լըմոնյեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ են, ովքեր ամբողջովին տրված են սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +2Անտուան դը Սենտ Էքզյուպերիի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես 10 2 -3Գաբրիել Գարսիա Մարկեսի
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
ՎԱ-ՀԱ 10 3 *Ֆրանց Կաֆկա
«Դղյակը»
Ապոլոն 10 4 +3Գրիգոր Նարեկացու
«Մատյան ողբերգության»
Նաիրի 8 5 -1Ռեյ Բրեդբերի «451° ըստ Ֆարենհայթի»
Ապոլոն 7 6 *Գրիգոր Նարեկացու
«Մատյան ողբերգության»
Մուղնի 7 7 +1
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի
«Մեծն Գեթսբին»
Զանգակ 7 8 -7Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության. Տաղեր»
Զանգակ 7 9 0Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 6 10 ՆորԿամիլ Լըմոնյեի
«Տղամարդու սերը»
Անտարես 6Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024