Իրաքի Մոսուլ քաղաքից 65 հայ ընտանիքներ են հեռացել

Armenpress 18:38, 10 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Մոսուլ քաղաքի 65 հայ ընտանիքներ հեռացել են այնտեղից: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագրությունից: Աղբյուրի տեղեկացմամբ` Իրաքի Ազգային իշխանության պատասխանատուներից Պարույր Հակոբյանը նշել է, որ հակակառավարական ուժերը գրավել են Մոսուլ քաղաքը, և ազգաբնակչությունն, այդ թվում` 65 հայ ընտանիքներ և ծխատեր քահանան, հեռացել են շրջանից: Պարույր Հակոբյանը հավաստիացրել է, որ մարդկային կորուստներ չեն արձանագրվել:

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հունիսի 10-ին կոչ է արել խորհրդարանին երկրում արտակարգ դրություն հայտարարել: Պատճառը ԴԱԻՇ խմբավորման կողմից Մոսուլ քաղաքի գրավումն է: Վարչապետ ալ Մալիքին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ կարևոր է հարևան երկրների սահմանների հսկողությունը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի աջակցությունն Իրաքին: Վարչապետը նաև կոչ է արել Իրաքի խորհրդարանին և նախարարություններին զբաղվել իրենց բնակավայրերից հեռացած ընտանիքները բնակության նոր վայրերով ապահովելու հարցերով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am