Բրազիլիայում կայացած միջազգային խորհրդաժողովը դատապարտել է Համացանցում իրականացվող լրտեսումը

Armenpress 10:56, 25 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում ինտերնետ-անվտանգության NetMundial միջազգային խորհրդաժողովն ավարտվել է օգտատերերի տվյալների լրտեսումն ամբողջ աշխարհում քրեական հանցագործություն ճանաչելու առաջարկությամբ: Խորհրդաժողովի բանաձեւը նաեւ դատապարտում է Համացանցում լրտեսման բոլոր ձեւերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Խորհրդաժողովի գումարման նախաձեռնողը Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն էր այն բանից հետո, երբ նա իմացավ, որ իրեն հետեւել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը:

Մինչդեռ ոչ բոլոր պատվիրակություններն են հավանություն տվել հանրագումարային բանաձեւին. այսպես, Ռուսաստանի ներկայացուցիչները նշել են, որ այն սահմանափակում է պետությունների ինքնիշխանությունը օրենսդրական ոլորտում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի մեդիաֆորումում, հայտարարել է, որ Համացանցը Կենտրոնական հետախուզական վարչության հատուկ նախագիծն է: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է դիմադրել Ամերիկայի «ինտերնետ-մենաշնորհին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am