Fitch-ը նախանշել է այն ռիսկերը, որոնք կարող են սպառնալ Եվրոպա ռուսական գազի մատակարարման արգելքի դեպքում

Armenpress 19:06, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ,  24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միություն ռուսական գազի մատակարարման արգելքն զգալի բարդություններ կստեղծի եվրոպական տնտեսության ու արդյունաբերության համար։ Այս մասին ասվում է Fitch Ratings-ի հրապարակած «Կյանքն առանց ռուսական գազի» զեկույցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` զեկույցում նշվում է, որ գազի մատակարարման արգելքի պարագայում տարածաշրջանը այլընտրանքային աղբյուրների կարիք կզգա։ «Նման արգելքի արդյունքում գազի գնի բարձրացումը, ամենայն հավանականությամբ, կստեղծի շղթայական գործընթաց՝ ազդելով էլեկտրաէներգիայի, ածխի և նավթի գների վրա։ Գազի սակավությունը հիմնականում կազդի արդյունաբերության վրա և առաջնահերթություն կդառնա ներքին սպառման շուկան»,- նշված է զեկույցում։

Fitch-ի վերլուծաբանները խոստովանել են, որ ռուսական գազի ներմուծման շարունակական արգելքը քիչ հավանական է, բայց, հակառակ պարագայում, ազդեցությունը մեծ կլինի։ 

«Ռուսաստանը մատակարարում է Եվրոպայի կողմից սպառվող գազի մոտ 27 տոկոսը։ Հնարավոր արգելքի «բարձր գինը» հաշվի առնելով, մենք կարծում ենք, որ նման սցենար կարող է լինել միայն ուկրաինական ճգնաժամի խորացման դեպքում։ Ավելի հավանական են կարճաժամկետ անջատումները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գազի մատակարարումն իրականացվում է Ուկրաինայի տարածքով։ Երկարաժամկետ արգելքի պարագայում ազդեցությունն զգալի կլինի քիմիական  և պողպատի արդյունաբերության վրա»,- նշել են վերլուծաբանները։

2013 թվականին Ռուսաստանը Եվրոպա է արտահանվել 145 մլրդ խորհանադ մետր գազ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am