ԱՄՆ Պիկո Ռիվերա քաղաքը բանաձև է ընդունել Քարվաճառը բարեկամ քաղաք ճանաչելու մասին

Armenpress 14:56, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդն ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ։ Քարվաճառը և Արցախի Հանրապետությունը հազարամյակների հարուստ պատմություն ունեն և հայ ժողովրդի պատմության և մշակույթի բաղկացուցիչ մաս են կազմում։

Պիկո Ռիվերայի քաղաքային խորհուրդն իր բանաձևում ընդգծում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Կալիֆորնիայում հայ ժողովրդին աջակցելու երկարամյա ավանդույթը, ինչը, մասնավորապես, դրսևորվել է 1980-ական թվականներին Սուլթան Համիդի ջարդերից և 1915-23թթ․ Ցեղասպանությունից փրկվածներին ապաստան տրամադրելու մեջ։ 

Բանաձևն ընդունվել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի օժանդակությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am