Թուրքական ԶԼՄ-ների արձագանքը ՀՀ նախագահի ուղերձին

Armenpress 13:32, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական զանգվածային լրատվամիջոցներն անմիջապես արձագանքել են Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա` ապրիլի 24-ի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական էլեկտրոնային մամուլն ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ ՀՀ նախագահն ուղերձում չի անդրադարձել Էրդողանի հղած ապրիլքսանչորսյան ցավակցական հայտարարությանը:

Թուրքական էլեկտրոնային մամուլն առանձնացրել է ՀՀ նախագահի արտահայտած հետեւյալ մտքերը` Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը, Թուրքիայի հասարակությունը որպես թշնամի չենք դիտում (թուրքական կայքերն այն ներկայացրել են «թուրքերը հայերի թշնամիները չեն» վերաձեւակերպմամբ) եւ այն, որ ՀՀ նախագահը հիշեցնում է հայ-թուրքական արձանագրությունների մասին:

Թուրքական»T 24» անկախ ինտերնետային թերթը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականությունը Հայաստանի կողմից ընկալվում է որպես ցեղասպանության հանցագործության շարունակություն: «Հուրիեթ»-ն էլ գրել է, որ ՀՀ նախագահը երախտագիտություն է հայտնել Ցեղասպանության ժամանակ հայերին օգնություն ցուցաբերած թուրքերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am