Հրանուշ Հակոբյանը Էրդողանի հայտարարությունն անընդունելի է համարում
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ հայությունը համայն Սփյուռքով այսօր իր ջանքերը մեկտեղել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում: Մեր պահանջն է, որպեսզի Թուրքիան ընդունի իր կատարած վայրագությունները, և թույլ չտանք, որպեզի աշխարհում այլևս որևէ տեղ կրկնվի նման բան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Մեր խնդիրը ոչ միայն մեր իրավունքների վերականգնումն է, այլ որպեսզի երբեք նման բան չկրկնվի»,- ընդգծեց Հակոբյանը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը` նա նշեց, որ կարծում է, Թուրքիայի վարչապետը հերթական անգամ ցանկանում է քողի ներքո ցույց տալ, որ ինքը ինչ-որ բան ընդունում է:
«Անընդունելի եմ համարում նրա հայտարարությունը, որովհետև նա փորձում է զոհի և դահճի մեջ հավասարության նշան դնել: Դա հնարավոր չէ, իսկ Հայոց ցեղասպանությունը ժխտել, չընդունել նշանակում է, որ Թուրքիայի այսօրվա իշխանություննեևրը շարունակում են ոճրագործությունը, որովհետև ակնհայտ ցեղասպանությունը չընդունելհ ևս հանցագործություն է»,- ընդգծեց Սփյուռքի նախարարը:
Նա հավատում է, որ Թուրքիան պետք է ժողովրդավարացվի, հավատում է, որ թուրքական հասարակությունը պետք է առերեսվի իր ոճրագործության հետ, և հավատում եմ, որ կգա մի օր, երբ Թուրքիան ստիպված կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Մենք պետք է հասկանանք, որ 100-ամյակը սկիզբն է այն մեծ ահագնացող գործի, որ կատարելու է հայ ժողովուրդը, որին միանում են հարյուրավոր ազգեր, պետություններ: Օտարների խոսքը ևս շատ էական է ,կարևոր այս խնդիրը առաջ տանելու համար»,- կարծիք հայտնեց քաղաքական գործիչը:
Պատասխանելով Թուրքիայի կողմից հնարավոր հաշտեցման իմիտացիոն քայլերի վերաբերյալ հարցին` Հակոբյանը նշեց, որ հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ որևէ զիջում, համաձայնություն չի կարող լինել ցեղասպանության հարցում, և որևէ հետ նահանջ չի կարող լինել:
«Որովհետև մենք հայրենազրկվել ենք, կորցել մեկ ու կես միլիոն մարդ, ենթարկվել մշակութային եղեռնի, իսկ մեր ազգը ցաք ու ցրիվ է եղել աշխարհով մեկ: Թուրքիան ինչ էլ անի, ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- իր դիրքորոշումը հայտնեց Սփյուռքի նախարարը:
Անդրադառնալով Սփյուռքի քայլերին`Հակոբյանը նշեց, որ Սփյուռքը 80 տարի առանց մեզ փայլուն աշխատել է` երբեք չմոռանալով Հայ դատը և այսօր ահագնացել է, որովհետև նրան միացել է հայոց պետությունը:
«Պետական քաղաքականությունը և Սփյուռքի ցանկություններն այսօր համընկնում են, և ես հպարտ եմ, որ աշխարհի որևէ կետում չկա որևէ հայ, հայկական կազմակերպություն և համայնք, որն այսօր չի պայքարում և իր պահանջներն առաջ չի տանում»,-հավելեց նախարարը:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կատարվում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչել 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան