Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ թե ազգային նպատակ է, այլ համամարդկային. Դավիթ Հարությունյան

Armenpress 12:35, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ թե ազգային նպատակ է, այլ համամարդկային,  քանի որ հանցագործությունները չդատապարտելը հանգեցնում է կրկնության: «Արմենպրես»-ի հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ պայքարը պետք է ընկալվի համամարդկային, իսկ միլիոնավոր զոհերի հիշատակը հարգելու լավագույն տարբերակը Հայաստանում մնալն է և երկիրը շենացնելը:

Հարությունյանի գնահատմամբ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չպետք է դիտարկել իրավական հարթության մեջ: «Սա բացառապես քաղաքական հարց է, պատմական փաստերն էլ անհերքելի են, հետևաբար Թուրքիային անհրաժեշտ է քաղաքական կամք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարուրությանը` Հարությունյանն այն որակեց քաղաքական` հավելելով, որ վարչապետը նման խոսքերն ասել է` հաշվի առնելով քաղաքական այն խայտառակ իրավիճակը, որն այսօր առկա է թուրքական իշխանության վերնախավում: «Ընտրված է պատշաճ պահը` հաշվի առնելով այն սկանդալները, որ միմյանց են հաջորդում Թուրքիայում: Սա ուղղակի քաղաքական դրդապատճառներով քայլ է, բայց, որ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, բացարձակապես չեմ կասկածում: Ժամկետների մասին չեմ կարող հստակ տվյալ հաղորդել, սակայն Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանվում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայեր սպանվեցին 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am