Հայկ Դեմոյանի կարծիքով, Թուրքիային անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ ճշմարտությանը հասնելու համար /լրացված/

Armenpress 12:20, 24 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը` կապված Հայոց ցեղասպանության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Դեմոյանը ուղերձ է հղել թուրք պաշտոնյային:

«Հարգելի պարոն վարչապետ: Այո, Դուք ճիշտ եք` ասելով, որ «Ապրիլի 24-ը յուրահատուկ կարևորություն է կրում իր մեջ Հայաստանի քաղաքացիների և աշխարհի հայերի համար»: Բայց պետք է ասեմ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի պատմության և հիշողության, այլև Թուրքիայի պատմության և հիշողության մաս է: Երբ Դուք անդրադառնում եք Հայոց ցեղասպանության հարցերին, ուշադրություն դարձրեք, որ Ձեր բառերը և քայլերը պետք է ուղղվեն առաջին հերթին թուրքերի նոր սերնդին, որոնք, ես կարծում եմ, չեն  ցանկանում պիտակավորվել որպես ցեղասպան հանցագործների հետնորդներ: Մենք` կենդանի մնացածների հետնորդներս, նույնպես ցանկանում ենք նրանց ունենալ որպես գործընկերներ և ընկերներ, որոնք ազատ են իրենց մտածելակերպով և ցանկանում են իմանալ ճշմարտությունը և ոչ թե մեկ դար հնության ստերն ու հորինվածքները: Ես հպարտ կլինեմ նման գործընկերներ ունենալու համար, ովքեր գիտակցում են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իմանալու անհրաժեշտությունը և դրա հետևանքների դեմ պայքարելը: Հատված Ձեր հայտարարությունից. «Թուրքիայում, 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ազատորեն տարբեր կարծիքներ և մտքեր արտահայտելը բազմակարծության հեռանկար է, ինչպես նաև ժողովրդավարության և արդիականության մշակույթ»: Իսկապես հիասքանչ հայտարարություն: Բայց թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը դեռևս գոյություն ունի: Ինչպե՞ս եք Դուք առաջարկում ինձ հասկանալ Ձեր հայտարարությունը, երբ ընդամենը մի քանի օր առաջ Ձեր կառավարությունը ստեղծեց հանձնաժողով, որն աշխատելու է Հայոց ցեղասպանության ճշմարտության դեմ, մի ճշմարտության, որն ընդունվել է շատ ցեղասպանագետների կողմից, որոնց մեջ նաև շատ են իմ թուրք գործընկերները: Թույլ տվեք գուշակել: Կարծում եմ, որ թուրքական կառավարությանն անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ` ճշմարտությանը հասնելու համար: Ապագայի նկատմամբ հույսերով`

Հայկ Դեմոյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն»:

Հայկ Դեմոյանի արձագանքն ամբողջությամբ.

«Ինձ համար զարմանալի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ իրականացված ցեղասպանությունից 99 տարի անց Թուրքիայի այսօրվա առաջնորդը պարզապես ցավ է հայտնում «1915թ. իրադարձությունների համար» ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին: Պետք է խոստովանեմ, որ սա կարևոր քայլ է, բայց, ցավոք, այն ուղղված չէ ճշմարտության բացահայտմանը, պատմության հետ առերեսմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև համերաշխության հաստատմանը:Ցավոք, Ձեր հայտարարությունը պարունակում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող տարրեր, որն իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Թույլ տվեք նշել, որ այսօր շատ թուրքեր արդեն չեն հավատում Ձեր իսկ նշած «1915թ. իրադարձություններին» ինչպես Դուք այն անվանում եք: Դատելով թուրք այցելուների՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տպավորությունների մատյանում թողած գրառումներից, նրանք բոլորն էլ ցանկանում են իմանալ ողջ ճշմարտությունը, որը խեղաթյուրվել և թաքցվել է իրենցից Թուրքիայի պատմության ընթացքում: Կա մի պարզ և հզոր արտահայտություն՝ «ճշմարտությունն ազատություն է տալիս»: Սակայն հանդես գալով նման արտահայտությամբ` Դուք փորձում եք ապակողմնորոշել թուրք երիտասարդությանը: Թույլ տվեք հիշեցնել Ձեզ, որ Ձեր հայտարարությունը հրապարակվեց Թուրքիայում Twitter կայքի արգելափակումից մի քանի օր հետո, ինչը ոտնահարում է թուրք երիտասարդության խոսքի ազատության հիմնարար իրավունքը: Ձեր հայտարարության մեջ Դուք օգտագործում եք «ժողովրդավարություն», «խաղաղություն», «օրենքի գերակայություն», «հանդուրժողականություն» և համընդհանուր այլ արժեք ներկայացնող հասկացություններ: Թույլ տվեք հարցնել՝ ինչո՞ւ եք օգտագործում այդ բառերը, երբ Թուրքիան առ այսօր փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, երբ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպողներն այսօր ոչ միայն չեն պատժվում, այլև մեծարվում են Թուրքիայում, երբ հայկական հուշարձանների գոյությունը վտանգված է, իսկ ծայրահեղ իսլամիստների հարձակումը հայաբնակ Քեսաբի վրա կազմակերպվեց Թուրքիայի կողմից:Հյուսիսային Կիպրոսը շարունակում է բռնազավթված մնալ Թուրքիայի կողմից: Ավելին, ադրբեջանցի սպաները վարժվում են տեղի թուրքական ռազմաբազաներում և հմտանում «տարբեր գործիքներով մարդ սպանելու մեջ»: Ես մեջբերեցի ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի բառերը, ով վարժեցվել և կրթություն է ստացել Թուրքիայում և տասը տարի առաջ Բուդապեշտում քնած ժամանակ գլխատել է հայ սպային (ՆԱՏՕ-ի համագործակցություն հանուն խաղաղության ծրագիր): Ես լիովին հասկանում եմ՝ ինչ վտանգավոր է պատմության վերանայումը այն պարագայում, երբ այն կեղծված և խեղաթյուրված է եղել ի սկզբանե: Դա բավական ծանր և անգամ վտանգավոր նախաձեռնություն է, քանի որ կարող է լրացնել բացերը և վերջ դնել Թուրքիայի պատմության մեջ առկա տաբուները: Սակայն ես ուրախ եմ, որ իմ թուրք գործընկերներից շատերը համաձայն չեն Ձեր «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու թերի և հետադիմական գաղափարի հետ, որն առաջարկում եք ստեղծել ինչպես պաշտոնական Անկարան է մեկնաբանում, «1915 թ. իրադարձությունները» ուսումնասիրելու նպատակով: Անդրադառնալով թուրք-հայկական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանը՝ ևս մեկ անգամ առաջարկում եմ ստեղծել հետևյալ հանձնաժողովները.Ա. Հայ - թուրքական, Թուրք-Եվրամիություն, Թուրք- սիրիական հանձնաժողովներ սահմանային խնդիրների համար, Բ. Թուրք- կիպրական հանձնաժողով՝ պատերազմական թուրքական զինված ուժերի, 1974 թ. Կիպրոսում կատարած հանցագործությունների համար, Գ. Թուրք - հունական հանձնաժողով՝ Պոլսում 1955 թ. թուրքական պետության կողմից կազմակերպված հույների ջարդերի և փոխհատուցման հարցով, Դ. Թուրքիա - ՆԱՏՕ հանձնաժողով՝ Հյուսիսային Կիպրոսի բռնազավթված տարածքում ադրբեջանցի սպաների վերապատրաստման հարցով, Ե. Թուրք - հրեական հանձնաժողով՝ 1930-ականների սկզբին Թրակիայում հրեաների բռնի տեղահանման և իրավունքների ոտնահարման հարցով, Զ. Թուրք - քրդական հանձնաժողով՝ քուրդ քաղաքացիների հարկադիր վերաբնակեցման հետ կապված փոխհատուցման հարցերով, Է. Հայ - թուրքական հանձնաժողով՝ Հայերի ցեղասպանության հետևանքների վերացման հարցով, Արդյոք սրանք բավարա՞ր են մինչեւ Թուրքիայի հանրապետության հարյուրամյակը՝ 2023 թ.:Իմ պապերը Կարսից են. այն քաղաքը, որ հազար տարի առաջ հայկական թագավորության մայրաքաղաքն էր: Ցանկություն ունեմ այցելել իմ նախնիների քաղաքը, որտեղից նրանք բռնի տեղահանվել են երկու անգամ, 1918 թ. իթթիհադականների, իսկ 1920 թ.՝ քեմալականների կողմից: Բայց ես չեմ կարող այցելել այդ քաղաքը, երբ 2004 թ., Ձեր կառավարության ձևավորումից անմիջապես հետո, տեղի հայկական Առաքելոց եկեղեցին վերածվեց մզկիթի:Ուզում եմ հավատալ Ձեր մտադրությունների անկեղծությանը եւ որպես դրա խորհրդանշական ապացույց, կցանկանայի ականատես լինել այդ եկեղեցու վերաօծմանը, որտեղ կկարողանամ աղոթել, ինչպես իմ հայրերն էին անում մեկ դար առաջ: Հարգելի պրն. վարչապետ,Այո՛, դուք իրավացի եք, երբ ասում եք, թե «Ապրիլի 24-ը յուրահատուկ նշանակություն ունի մեր հայ քաղաքացիների և համայն հայության համար»: Բայց պետք է նշել, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի պատմության ու հիշողության մի մասն է, այլ նաև՝ թուրք ժողովրդի: Երբ դուք անդրադարձ եք կատարում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին, խնդրում եմ Ձեր խոսքերն ու քայլերն ուղղեք թուրքերի նոր սերունդներին, ովքեր, համոզված եմ, որ չեն ցանկանա ցեղասպանություն իրագործողների ժառանգներ կոչվել: Մենք, վերապրողների ժառանգներս, ուզում ենք նրանց տեսնել մեր կողքին որպես ազատ մտածելակերպի տեր գործընկերներ, ովքեր ձգտում են պարզել իրականությունը, և ոչ թե հավատալ դարավոր ստին: Հպարտ կլինեմ այդպիսի գործընկերներ ունենալ, ովքեր հասկանում են ճշմարտությունն իմանալու կարևորությունը և պատրաստ են առնչվելու դրա հետևանքների հետ:Մեջբերում ձեր հայտարարությունից. «Թուրքիայում 1915 թվականի իրադարձությունների հետ կապված տարբեր կարծիքների ու մտքերի ազատ արտահայտումը պարտադիր է բազմակարծիք տեսանկյունից, ինչպես նաև ժողովրդավար եւ արդիական մշակույթի համար»: Իսկապե՛ս հրաշալի ձևակերպում: Բայց թույլ տվեք հիշեցնել, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը դեռեւս գործում է: Ինչպե՞ս կարելի է հասկանալ Ձեր հայտարարությունը, երբ ընդամենը մի քանի օր առաջ Ձեր կառավարությունը ստեղծեց մի հանձնաժողով Հայոց ցեղասպանության ճշմարտության դեմ գործելու նպատակով. ճշմարտություն, որն ընդունվել է բազմաթիվ ցեղասպանագետների, այդ թվում՝ նաև իմ թուրք գործընկերների կողմից: Թույլ տվեք ենթադրել. կարծում եմ, որ թուրքական կառավարությունը ճշմարտությանը հասնելու համար տակավին ժամանակի կարիք ունի: Ապագայի հանդեպ տածած հույսերով...»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ, որում ցավակցություն է հայտնվում հայերին: Էրդողանը շեշտում է, թե նախորդ դարասկզբին, Օսմանյան կայսրության վերջին տարիները «անհերքելի դժվար ժամանակաշրջան էին կայսրության միլիոնավոր բոլոր քաղաքացիների համար` լինեն թուրք, քուրդ, արաբ, հայ կամ այլ ազգության»: Նրա կարծիքով, հասկանալու համար այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր ցավերը, պետք չէ դրանք դիտել «կրոնական եւ ցեղային արմատի պրիզմայով», քանի որ, ինչպես, ըստ նրա, ժողովուրդն է ասում, «կրակն ընկած տեղն է վառում»: Էրդողանը մարդկության պարտքն է համարում «ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այնպես էլ հայերի` այդ շրջանում ունեցած ցավերն այսօր էլ հիշելը, հասկանալն ու կիսելը», որը, նրա խոսքով, «բազմակարծության, ժողովրդավարական մշակույթի եւ արդիականության պահանջն է»: «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս ընդհանուր ցավն են: Այդ ցավալի պատմությանը արդարացի հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտական պատասխանատվություն է», -նշել է նա:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am