ՀՀ ԱԳ նախարարը և Լիտվայի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ- ԵՄ համագործակցության վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 23-ին հանդիպել է Երևանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշե; է, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելել է, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացում։
Նախարար Օլեկասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և վստահություն հայտնել, որ դրանք առավել կընդլայնվեն։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: