Շառլ Ազնավուրը հանդես կգա Հայաստանում

Armenpress 20:50, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն անակնկալ կմատուցի հայաստանաբնակ երկրպագուներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի ֆեսյբուքյան պաշտոնական էջը` Ազնավուրը մայիսի 12-ին եզակի համերգով ելույթ կունենա Հայաստանում: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Լեգենդար երգչի վերջին համերգը տեղի է ունեցել մարտի 15-ին` Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում: Ազնավուրը համերգից առաջ մասնակցել էր Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի ընթրիքին, որին հրավիրված էին նաև որոշ իսրայելցի երաժիշտներ: Իր կատարումներով Ազնավուրը ևս մեկ անգամ հիացրել էր տեղի ունկնդրին:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am