ԲՀԿ պատգամավորն առաջարկում է կառավարության և քաղաքական ուժերի միջև քննարկումները մշտական դարձնել

Armenpress 17:56, 22 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկում է մշտական  դարձնել  քաղաքական ուժերի հետ հանդիպումները և քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ինքն առաջարկել է նման քննարկումները դարձնել մշտական: «Ես առաջարկել եմ, որ նման հանդիպումները լինեն մշտական հարթակ, որտեղ կքննարկվեն խնդրահարույց  հարցերը և, ըստ այդմ, որոշումեր կընդունվեն»,- ասաց Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ հանդիպման ընթացքում առաջարկել է ոչ միայն կուտակաին կենսաթոշակների, այլև հասարակական հնչեղություն ունեցող ցանկացած հարցի վերաբերյալ կառավարությունը հստակ ծրագիր ներկայացնի, որով կառաջարկվեն որոշակի լուծումներ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Մասնավորապես, նախատեսվում է Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել նախագիծ, որով մինչև Սահմանադրաիկան դատարանի որոշմամբ  նախատեսված օրենսդրական նոր փաթեթի ընդունումը կկասեցվի տույժերի հաշվարկը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am