Ուսանողական 15-րդ խաղերում որոշվել են վոլեյբոլի աղջիկների առաջնության հաղթողները

Armenpress 19:12, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում ապրիլի 19-ին անցկացվել են վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Այս տարի առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը:

Եզրափակիչ փուլում 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափել են Երևանի պետական լեզվաբանական և Արցախի պետական համալսարանների հավաքականները։ Խաղում հաղթանակ գրանցեցին և 3-րդ հորիզոնականը գրավեցին Արցախի պետական համալսարանի վոլեյբոլիստուհիները։ Առաջին և երկրորդ տեղերի համար պայքարել են ԵՊՀ և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերը։ Թեժ պայքարում 3։1 հաշվով առավելության է հասել և առաջին մրցանակային տեղը գրավել է Ֆիզկուլտ ինստիտուտը ներկայացնող թիմը։ 

Վոլեյբոլի խաղերի գլխավոր մրցավարն էր Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը։ Նա նկատել է, որ վոլեյբոլը Հայաստանում տարեցտարի զարգացում է ապրում, և ուսանողական այս առաջնությունը նույնպես մեծ ազդակ է մարզաձևի զարգացման գործում։

Հայաստանի ուսանողական մարզական առաջնության շրջանակներում կանցկացվի 14 առաջնություն՝ 11 մարզաձևից։ Խաղերին ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի շուրջ 3000 ուսանող։ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am