Կապանում պարգեւատրվեցին դպրոցականների հանրապետական մարզական խաղերի համայնքային փուլի մասնակիցները

Armenpress 17:47, 19 Ապրիլ, 2014

ԿԱՊԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում շուրջ երկու ամիս անց եզրագիծը հատեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված` դպրոցականների հանրապետական մարզական խաղերի համայնքային փուլը, որը կազմակերպել էր Կապանի քաղաքապետարանը: Այս տարի այն անցկացվեց 6 մարզաձեւում` սեղանի թենիս, ֆուտզալ, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, աթլետիկա:

Մրցաշարի հաղթողներին մրցանակների ու պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում:  Լավագույն արդյունքներ ցուցաբերած դպրոցների թիմերին դիպլոմներ ու գավաթներ հանձնեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ խոստացավ, որ կանեն ամեն ինչ, որպեսզի կապանցի դպրոցականները ունենան սպորտով զբաղվելու բոլոր հնարավորությունները:

«Ամենամյա դարձած այս մրցաշարը գնալով ավելի մասսայական է դառնում, տարեցտարի ավելանում է խաղերին մասնակից դպրոցականների թիվը: Կարեւր չէ, թե դուք, որ մարզաձեւում եք մասնակցել, կարեւորն այն է, որ մասնակցել եք, որ զբաղվում եք սպորտով, ինչը առողջության գրավականն է»,- դիմելով դպրոցականներին` ասաց Կապանի քաղաքապետը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիսությանը ներկա էին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, մարզպետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ովքեր շնորհավորեցին մարզական խաղերի բոլոր մասնակիցներին եւ հաջողություն մաղթեցին մրցաշարի մարզային փուլի մասնակիցներին:

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական խաղերի համայնքային փուլում հաջողությամբ են հանդես եկել Կապանի թիվ 1 եւ 5 հիմնական, թիվ 2 եւ 9 ավագ, թիվ 3 միջնակարգ, Դավիթ-Բեկ համայնքի դպրոցների ու Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի թիմերը:

Գոհար Իսախանյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am