Թեղուտի հանքավայրում արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա վերջին

Armenpress 16:15, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեղուտի հանքավայրում պղնձի և մոլիբդենի հանքաքարի արտադրությունը  նախատեսվում է սկսել այս տարվա վերջին: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հանքավայր կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը: «2007թ.-ի նոյեմբերի սկզբից սկսել ենք ակտիվ շինարարական աշխատանքները` զրոյից, և արդեն այս տարվա վերջին նախատեսում ենք սկսել արտադրությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Մեջլումյանը նշեց, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանում և մշակում իրականացնել: Այդ դեպքում, կախված պղնձի և մոլիբդենի միջազգային գներից, առաջին փուլում սպասվում է, որ ընդհանուր արտահանվող ապրանքների ընդհանուր գինը կլինի շուրջ 150-190 միլիոն դոլար: «Ծրագրի վրա այս պահի դրությամբ 300 միլիոնից ավել գումար է ներդրվել, և արդեն մինչև տարվա վերջ կսկսենք արտադրությունը»,- նշեց Մեջլումյանը:

Մեջլումյանը տեղեկացրեց նաև, որ ընկերությունն այս պահի դրությամբ ունի մոտ 1200 աշխատող, որոնց մեծ մասը հենց Լոռու մարզից են: «Մի քանի տասնյակ աշխատողներ էլ հրավիրված են արտասահմանից, քանի որ որոշ մասնագիտությունների պակաս Հայաստանում կար, ուստի, աշխատողներին հրավիրել ենք նաև դրսից»,- նշեց նա՝ ընդգծելով, որ 2014թ.-ի մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար դրամ:

Պաշարների մեծությամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972թ. այստեղ իրականացվել են մեծածավալ երկրաբանահետախուզական աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է հանքաքարի զգալի պաշար` պղնձի և մոլիբդենի պարունակությամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Հանրապետության Նախագահն այցելեց Թեղուտի հանքավայր, շրջեց հանքավայրի տարածքում, այցելեց հանքահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման արտադրամաս:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am