Հալեպում մեկ օրվա ընթացքում 40 մարդ է զոհվել

Armenpress 12:19, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ապրիլի 17-ին ռմբակոծությունների և կրակոցների հետևանքով մոտ 40 խաղաղ քաղաքացիներ են զոհվել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Աղբյուրի տեղեկացմամբ, թեև Հալեպի հայաբնակ շրջանները ռազմական գործողությունների դաշտում չեն հայտնվել, սակայն Սուլեյմանիեի, Ազիզիեի, Թելեֆոն Հաուայի թաղամասերը գրեթե ամայացած են: Քաղաքի բնակիչները պատերազմական ծանր օրեր են ապրում: Դժվարին վիճակի պատճառով Հալեպի մուտքի ճանապարհները փակվել են, և հնարավորություն չկա քաղաք սննդամթեք և անհրաժեշտ պարագաներ մտցնել: Մարդասիրական օգնությունները Հալեպի մուտքի մոտ սպասում են հարմար պահի:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ապրիլի 17-ին հալեպում հայ էր վիրավորվել: 1966թ. ծնված Կարո Ավագյանը վիրավորվել էր Ջաբրիի շրջանում:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհվել է 21 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, և վիրավորվել է 80 քաղաքացի:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 80-ը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am