ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը

Armenpress 20:34, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստը վարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով քիչ առաջ ժամանեց կուսակցության գրասենյակ: Նիստին մասնակցում են ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ փոխնախագահներ Արմեն Աշոտյանը և Գալուստ Սահակյանը, ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, նախարարի պաշտոնակատարներ:

ՀՀԿ գրասենյակի մոտ նիստի մեկնարկից առաջ հավաքվել էին Բուզանդի և Ֆիրդուսի փողոցների բնակիչները, ովքեր պահանջում էին լուծել իրենց բնակարանային խնդիրները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ նրանց, զրուցեց նրանց հետ և խոստացավ ընդունել և լսել նրանց:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում պետք է կազմավորվի նոր կառավարությունը, որը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ակնկալվում է, որ նիստի ընթացքում կքննարկվի նոր կառավարության, ինչպես նաև ԱԺ նախագահի հարցը, որը թափուր է մնացել Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am