Կառավարությունը լինելու է յուրաքանչյուր ներդրողի կողքին. Հովիկ Աբրահամյան

Armenpress 12:24, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է մի գործընթաց, որը նաև երկրի նախագահի ցանկությունն է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ստեղծի բարենպաստ պայմաններ և հարկային դաշտ: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Առաջիկայում մենք շատ լավ քայլեր ենք անելու՝ ընդառաջ ՓՄՁ-ների ծրագրերի: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի փոքր եւ միջին ձեռնարկությունը մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին և կառավարության կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք բոլոր քայլերը: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի յուրաքանչյուր գործարարի համար բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի համոզմամբ՝ պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, և որևէ կառույց որևէ խոչընդոտ չպետք է ստեղծի այն գործարարի համար, ով իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակներում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ դա նաև իր սկզբունքային որոշումն է:

Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում առաջին անգամ է վարում կառավարության նիստը: Նա վարչապետ է նշանակվել ՀՀ Նախագահի` ապրիլի 13-ի հրամանագրով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am