ԵԹԿՊԻ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

Armenpress 10:13, 17 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ԵԹԿՊԻ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան և (կամ) դոցենտի կոչում ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կամ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի, կամ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, կամ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Ունեն ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն  հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր): 

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով), երկու լուսանկար` 3x4 չափսի, աշխատանքային գրքույկի պատճենը, ինքնակենսագրություն, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,  կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված), տեղեկանք  մշտական բնակության վայրից, գիտությունների դոկտորի աստիճանը և (կամ) պրոֆեսորի գիտական կոչումը, կամ գիտությունների թեկնածուի և (կամ) դոցենտի կոչումն ու Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումը հավաստող փաստաթուղթ, բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել), զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով)  պետք է ներկայացնել 2014թ. ապրիլի 23-ից մինչև մայիսի 22-ը, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:

Մրցույթը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 2-ին` ժամը  1200-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am