Խորհրդավոր Տալլին. Ինչպես հաջողվեց քաղաքը փրկել ոչ միայն անճաշակությունից, այլեւ օլիգարխների ձեռքից

Armenpress 12:00, 16 Ապրիլ, 2014

ՏԱԼԼԻՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տալլինը Եվրոպայում միակն է, որի կենտրոնը`Հին քաղաքն ամբողջությամբ հանդիսանում է UNESCO-ի մշակութային ժառանգություն: Դրան հասնելը բարդ էր, սակայն ոչ անհնար: Այստեղ կարեւորը գաղափարախոսությունն ու նպատակասլացությունն է: Գլխավորը ոչ թե ծանոթ- բարեկամը, պաշտոնը կամ վերեւներից զանգն է, այլ գիտակցումը, որ մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանել: Հենց այդ գաղափարախոսությամբ խորհրդային կարգերի փլուզումից հետո պատմաբան Բորիս Դուբիկովն անցավ աշխատանքի: Այն, ինչով այսօր հիանում է զբոսաշրջիկը, Տալլինի Հին քաղաքում վերականգնվել է վերջին 15 տարվա ընթացքում` Դուբիկովի եւ նրա ենթակայությամբ աշխատող 11 մասնագետների ջանքերով: Էստոնիայում Դուբիկովին բոլորն են ճանաչում. հենց նրան են երախտապարտ քաղաքը խորհրդային գաղափարախոսությունից, կարմիր ներկից փրկելու եւ օլիգարխներից պաշպանելու համար: Խորհրդային տարիներին քաղաքի տեսքն ամբողջությամբ փոխվել էր, տների որմնանկարների վրա կարմիր ներկ էին քսում գեղարվեստական արժեքը ոչնչացնելու համար, իսկ Հին քաղաքը հանդիսանում է լքված մի թաղամաս, որտեղ ոչ ոք չէր ապրում, տներն էլ փլվում էին խոնավությունից եւ անտարբեր վերաբերմունքից: ԽՍՀՄ փլուզումից հետո, քաղաքի արխիվներում գտան Հին քաղաքի շենքերի էսքիզները, և սկսվեց վերականգնողական մեծ աշխատանք: Սակայն Դուբիկովի մտահոգության առարկան ոչ միայն քաղաքի շենքերը ԽՍՀՄ անճաշակությունից ազատելն էր, այլեւ իրավական դաշտում օլիգարխներից պաշտպանելը:

«Նույնիսկ եթե դու միլիարդատեր ես, նույնիսկ եթե միլիոններ ես ծախսում Տալլինի Հին քաղաքում տուն ձեռք բերելու համար, միեւնույն է, տերը դու չես»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Տալլինի քաղաքապետարանի մշակութային ժառանգության գործակալության պետ Բորիս Դուբիկովը` հավելելով, որ Հին  քաղաքի տներից յուրաքանչյուրը պատմամշակութային հուշարձան է, եւ Էստոնիայի ամենահարուստ մարդն անգամ չի կարող փոխել այդտեղի իր տան ներքին եւ արտաքին հարդարանքը:

Օլիգարխներն ամեն տեղ նույն մտածելակերպն ունեն` լինի դա Հայաստան, թե Էստոնիա:  Սկզբում նրանց գիտակցությանը դժվար էր հասցնել երկհարկանի գունավոր տների գեղեցկության գաղտնիքը, սակայն Դուբիկովը կարողացել է Էստոնիայի մեծահարուստներին ոչ միայն համոզել, այլեւ ամեն անգամ ճարտարապետական դասախոսություն կարդալ` հասկացնելու հին շենքերի նշանակությունը: Դուբիկովը խոստովանում է. դժվար էր բացատրել մարդուն, որ երկհարկանի շենքն ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան երկնաքերը: «Սկզբում նրանք զարմացած հայացքով կարծես չինարենի դասախոսության ներկա գտնվեին, հետո արդեն գործի էին դրվում ճարտար լեզուն, պատմական արժեքի մասին տարբեր վկայակոչումները, և մեծահարուստը համաձայնվում էր բնակարանը չքանդել եւ չփոխել տեսքը»,- ասում է Դուբիկովը` հավելելով, որ տարիների ընթացքում մարդկանց գիտակցությունն ու տրամադրվածությունը փոխվեց. նրանք հասկացան, որ Հին քաղաքում տուն ձեռք բերելով` շատ մեծ հարստության տեր կարող են դառնալ: «Նրանք գիտակցեցին, որ տան կամարները, պատերի որմնանկարները ավելի մեծ արժեք ունեն, եւ անհրաժեշտ է դա պահպանել»,- ասում է Դուբիկովը` հավելելով, որ Հին քաղաքում չկա որեւէ բնակարան, որի պատուհանները լինեն նոր եւ եվրոպական ոճի:    

Դուբիկովը պատմում է, որ աշխատել է բազմաթիվ քաղաքապետերի հետ` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, տարիքից, դավանած գաղափարախոսությունից: Դուբիկովն եղել է անդրդվելի. հաճախ բանավիճել է, պատերազմել քաղաքային իշխանության դեմ, երբեմն էլ դիմել ամենատարբեր խորամանկությունների` քաղաքի հուշարձանների պահպանության նպատակով գումար ստանալու համար:

«Այնքան էլ հեշտ չի եղել քաղաքային իշխանություններին եւ օլիգարխներին համոզել՝ գումար ներդնել փրկելու համար Հին քաղաքի շենքերը, որոնք խորհրդային տարիներին բնակեցված չեն եղել խոնավության եւ քանդված լինելու պատճառով։ 1997-2010 թթ. Հին քաղաքի շենքերը վերականգնելու համար ծախսվել է 114.541.469 եվրո, որի 1/3-ը հատկացրել է մասնավոր հատվածը։ Մնացած գումարը տրամադրվել է էստոնիայի պետական եւ Տալլինի քաղաքային բյուջեից։ Այս գումարով նորոգվել են նաեւ 22 եկեղեցի։ Վերականգնողական աշխատանքների ժամանակ պարզվել է, որ եկեղեցիները չունեն ազդանշանային համակարգեր, մինչդեռ արժեքավոր սրբապատկերներ ու այլ իրեր են պահվում ներսում»,- ասում է Դուբիկովը` հավելելով, որ իր թիմով կարողացել է համոզել եւ գումարներ հայթայթել ոչ միայն եկեղեցիների ազդանշանային համակարգերի տեղադրման, այլեւ հին աշտարակների եւ քաղաքային պարսպի պահպանման համար։

Զբոսաշրջությունն այստեղ շատ է զարգացած: Թեպետ Տալլինը Եվրոպական ամենաթանկ քաղաքներից մեկն է, այստեղ զբոսաշրջիկների պակաս երբեք չի զգացվում: Երկրում զբոսաշրջության զարգացման հիմնական գրավականը մայրաքաղաքն ու դրա հին շենքերն են:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ.

«Իսկ ինչպիսի՞ն է Երեւանի Հին քաղաքը, այն նույնպե՞ս մշակութային ժառանգություն է հանդիսանում»,- հարցնում է Դուբիկովն ու զարմանքից քար կտրում, երբ տեղեկանում է, որ Երեւանը ոչ միայն Հին քաղաք, այլ անգամ հին շենք գրեթե չունի: «Զարմանալի է, դուք ավելի հին ազգ եք, ավելի հին մշակույթ եւ պատմություն ունեք»,- ասում է Դուբիկովը` հավելելով, որ ամենայն հավանականությամբ խորհրդային կարգերի ժամանակ է քաղաքի տեսքը հիմնովին փոխվել: Դուբիկովը կրկին ապշում է, երբ պարզվում է, որ Երեւանի արտաքին տեսքի խեղաթյուրումը շարունակվել է վերջին 15-20 տարվա ընթացքում, ճիշտ նույն ժամանակահատվածում, երբ Եվրոպայում միլիարդներ էին ներդրվում Հին քաղաք վերականգնելու համար:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am