Դավիթ Հարությունյանը չի բացառում աշխատանքը գործադիրում շարունակելու հնարավորությունը

Armenpress 16:50, 14 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ կարող է աշխատանքը շարունակել կառավարությունում: Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում Հարությունյանն, այնուամենայնիվ, նշեց, որ դա ինքնանպատակ չէ: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինձ համար կառավարությունում ինչ դերակատարում կտեսնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հարությունյանն ընդգծեց, որ եթե իր ներուժը բավարարի կառավարության ծրագրերը կյանքի կոչելու համար, հավանաբար, կհամաձայնի: «Սակայն այս պահին խոսակցությունները դեռևս նոր են խմորվում, դրա մասին խոսել դեռ վաղ է»,- նկատեց նա` հավելելով, որ որպես քաղաքական մեծամասնություն, իրենք ունեն խնդիրներ, որոնք դրել են իրենց առջև, սակայն ոչ բոլոր խնդիրներն են, որ հաջողվել է կատարել: Պատգամավորի խոսքով՝ այս պահին առկա են լուրջ մարտահրավերներ, և նոր ձևավորվող կառավարությունը պետք է փորձի դրանց լուծում տալ:

Այնուամենայնիվ, Հարությունյանը նշեց, որ չի ցանկանում զբաղեցնել արդարադատության նախարարի պաշտոնը, ինչի մասին այս պահին շատ է խոսվում: Նրա խոսքով՝ այդ պաշտոնում իր 10 տարվա աշխատանքը քիչ չէ, և ցանկանում է, որպեսզի ավելի թարմ ուժեր զբաղեցնեն այն: «Ես Ազգային ժողովում էլ ունեմ ծրագրեր, որոնք չեմ կարողացել ավարտին հասցնել, սակայն պետք է նաև հասկանամ, թե որտեղ կկարողանամ ավելի արդյունավետ գործել: Այնպես որ, այստեղ խնդիրն այն չէ, որ ԱԺ-ում իմ անելիքները սպառված են, և ես ինձ համար նոր պաշտոն եմ փնտրում»,- ասաց Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի  թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: Կառավարությունն, ըստ ՀՀ Սահմանադրության, պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am