Արամ Առաջինը նախանշել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ գործողությունների ուղղությունները
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նախանշել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին առնչվող աշխարհասփյուռ հայության մոտեցումների մի շարք ուղղություններ, որոնց հիմնական իմաստն է. «Հիշել, հիշեցնել և պահանջել»: «2015 թվականը հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ սովորական թվական չպետք է դառնա: Այն պետք է արժեվորվի այնպիսի նախաձեռնություններով ու իրագործումներով, որոնք ոչ միայն մնայուն հետք կթողեն մեր հավաքական կյանքում, այլ նաեւ նոր մղում կտան հայ ժողովուրդի պահանջատիրական պայքարին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Վեհափառը:
Արամ Ա-ն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքների ուղեցույցում կարևորել է միասնականությունը: «Համահայկական մասշտաբով հարկ է նշել 100-ամյա տարելիցը: Այս տեսլականով ու հանձնառությամբ անհրաժեշտ է մշակել բոլոր ծրագրերը»,- նշել է կաթողիկոսը:
Նրա համոզմամբ՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է նշվի մեր ժողովուրդի ամբողջական ու գործուն մասնակցությամբ: «100-ամյա տարելիցի կիզակետը պետք է դառնա պահանջատիրությունը: Բնականաբար, ցեղասպանության ճանաչումը պետք է շարունակվի վերանորոգ վճռականությամբ, սակայն ժամանակն է, որ մեր դատի հետապնդման աշխատանքների մեջ շեշտը դրվի հատուցման վրա»,- համոզված է Վեհափառը՝ հավելելով, որ ժողովրդի պահանջատիրությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա:
Արամ Ա.-ն գտնում է, որ պահանջատիրական պայքարը պետք է փոխադրվի նաեւ Թուրքիա, և այդ ուղղությամբ անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք թուրք մտավորականության և իսլամացած հայերի շրջանում: «Այդ աշխատանքների ընթացքում անհրաժեշտ է ուշադիր լինել, որ թուրք ծայրահեղականները Թուրքիայի հայ համայնքին վնաս չպատճառեն»,- նկատել է կաթողիկոսը՝ հավելելով, որ անհրաժեշտ է սկսել ցեղասպանության հետևանքով կորսված եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների ցուցակագրում: Կիլիկիո կաթողիկոսը կարևորել է հայության պահանջը միջազգային հանրությանը լսելի դարձնելը:
Արամ Առաջինի համոզմաբ՝ ցեղասպանության 100-ամյա տարելիցը չպետք է դիտարկվի որպես Հայ Դատի աշխատանքների գագաթնակետ, այլ` լայնամասշտաբ աշխատանքի սկիզբ:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան