Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանի, Գյումրիի և Ստեփանակերտի երաժշտասերին իր ելույթները վայեյելու հնարավորություն կընձեռի

Armenpress 10:03, 17 Մարտ, 2014

 ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի բեմելը հայրենիքում սպասված իրադարձություն է իր երկրպագուների համար: «Azd production» ընկերության նախաձեռնությամբ հայաստանյան հանդիսատեսին երգչուհին կներկայանա ոչ թե մեկ համերգով, այլ չորս համերգ ներառող  շրջագայությամբ:  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ընկերության գլխավոր պրոդյուսեր Հայկ Հարությունյանը հայտնեց, որ առաջին համերգը կկայանա հունիսի 28-ին Երևանի «Յանս» երաժշտական ակումբում, երկրորդը` հունիսի 30-ին Գյումրիում, երրորդը` հուլիսի 2-ին Ստեփանակերտում:

«Շարքը կեզփակվի հուլիսի 4-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հիմնական համերգով»,- պատմեց Հարությունյանը` տեղեկացնելով, թե չնայած այն, որ մի քանի օր է, ինչ  հայտնի է դարձել կայանալիք համերգների մասին, իրենք դրական  արձագանքների պակաս չեն զգացել:

Նա նշեց, որ  «Azd production» ընկերությունը առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս երաժշտական տարբեր նախագծերով, փառատոնների կազմակերպմամբ,  սակայն համագործակցությունն արտերկրում  ապրող նման մեծության արտիստի հետ առաջին անգամ է: Համերգների ժամանակ Հովհաննիսյանին կնվագակցի Նյու Նորքից ժամանած երաժիշտների եռյակը:  Բոլոր համերգների տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 15 –ից:  Ծրագրված է նաև երգչուհու հանդիպումը լրագրողների հետ:

Տաթևիկ Հովհաննիսյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում հունվարի 17-ին  հանդես եկավ մեծ համերգով, որն անտարբեր չթողեց հանդիսատեսին: Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի նախաձեռնած համերգին «Հայկ և Ալիս Քավուքջյաններ» սրահում հավաքված ունկնդիրները, անկախ տարիքային և ազգային պատկանելիությունից, հավանության են արժանացրել իր տեսակի մեջ եզակի երաժշտական երեկոն: Նյու Յորքից  երգչուհու ամուսինը` Վահրամ Գյուրջյանը «Արմենպրես»-ին պատմել էր, որ ունկնդիրը ջերմ էր, ուշադիր, էներգիայով լի, ինչը փոխանցվել էր Տաթևիկին:

Տաթևիկ Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am