«Եվրատեսիլ-2014»-ի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկի հանգուցալուծումն այսօր` ժամը 22:00-ին

Armenpress 16:13, 14 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն այսօր կհանգուցալուծի «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը. հայտնի կդառնա այն երգը, որով Արամ MP3-ին կներկայանա միջազգային երաժշտական հանրությանը: Մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր`ժամը  22:00-ին, Առաջին ալիքի եթերում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացարին  Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից`  «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքին տրված հարցազրույցի ընթացքում մրցույթի այս տարվա Հայաստանի դեսպանը նշել էր, որ երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»:

Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային երաժշտական արդի միտումները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:

 

Տաթևիկ Գրիգորյան 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am