Յուրի Վարդանյանն ակնհայտ է համարում հայ մարզիկների առաջընթացը ձմեռային օլիմպիական խաղերում

Armenpress 15:36, 25 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը դրական է գնահատում հայ մարզիկների ելույթները Սոչիի Օլիմպիական խաղերում: «Մենք չենք անտեսում որեւէ մարզիկի` լինի նա առաջին տեղում, թե 100-րդ: Ակնհայտ է, որ մեր մարզիկների մոտ առաջխաղացում կա, և մենք անչափ ուրախ են դրա համար: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ուրախ եմ նրանց դրական առաջադիմության համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նախարար Վարդանյանը:

Հայաստանի մարզիկները Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում չեն հյուրընկալվելու. նրանք մեդալներ չեն բերել, պարզապես բարելավել են արդյունքները:

22-րդ  «սպիտակ» խաղերին Հայաստանը ներկայացավ 4 մարզիկներով` դահուկորդներ Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան, Կատյա Գալստյան ու լեռնադահուկորդ Արման Սերեբրակյան: Դահուկորդներից Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյան դահուկավազքի սքիաթլոնի 30 կմ մրցավազքում, համապատասխանաբար, զբաղեցրեցին 46-րդ և 63-րդ տեղերը: Միքայելյանը 46-րդ էր նաև ազատ ոճի դասական մրցավազքում: Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը դահուկավազքի դասական ոճում զբաղեցրեց 64-րդ տեղը: Վերջինը մրցասպարեզ դուրս եկավ ամերկահայ Արման  Սերեբրակյանը: Վերջինս լեռնադահուկի հսկա ոլորավայրէջքում 46-րդ էր (72 մարզիկների թվում), իսկ ոլորավայրէջքում  34-րդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am