ՄՄ մաքսային ծառայությունների միացյալ խորհրդի հաջորդ նիստը կկայանա Հայաստանում

Armenpress 17:37, 13 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԲԵԼՏԱ: Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միացյալ խորհրդի հաջորդ նիստը կկայանա Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բելառուսական ԲելՏԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը: Փետրվարի 12-ին Նովոպոլիոտսկում կայացել է խորհրդի 10-րդ նիստը, որին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների ղեկավարները: Հայաստանը նիստին ներկա է եղել որպես դիտորդ:

Նիստի մասնակիցները քննարկել են 2014 թվականի գործողությունների ծրագիրը և որոշել հաջորդ նստաշրջանի անցկացման վայրը: Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը` Բելյանինովը, նշել է, որ ինտեգրման գործընթացն ավելին է, քան երեք կամ չորս մաքսային ծառայությունների փոխազդեցությունը: Նովոպոլիոտսկի նստաշրջանի օրակարգում շուրջ 23 հարց է եղել, որոնք նախապես ուսումնասիրվել էին փորձագետների կողմից: Բոլոր հարցերը նախատեսված են հստակեցնելու մաքսային ծառայությունների ընթացակարգերը, բիզնեսների և ֆիզիկական անձանց կողմից բեռների փոխադրման համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Բելյանինովի խոսքով` հանդիպումների ժամանակ ՄՄ գործընկերները քննարկել են նաև թվայնացված աշխատակարգի անցնելու հարցը: Նշվել է, որ Հայաստանը սովորելու շատ բան ունի, քանզի այն երկար ժամանակ իր ուրույն ճանապարհով է ընթացել:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նա7 Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը, որի իրականացման միջոցառումների ծրագիրը հունվարին հաստատել է ՀՀ կառավարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am