Հալեպի առաջնորդարանը չի հաստատում հայ երիտասարդի սպանության լուրը. ճանաչողները պնդում են, որ լուսանկարում Մինասը չէ

Armenpress 15:57, 9 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի ազգային առաջնորդարանը չի հաստատում որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Հալեպում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած «ԴԱԻՇ» խմբավորման կողմից հայ երիտասարդ է սպանվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն՝ ավելացնելով, որ արդեն 2 օր է նման լուրեր են շրջանառվում, սակայն լուրը հաստատելու համար ապացույցներ են անհրաժեշտ և այժմ հստակ այդ մասին ոչինչ չկա: «Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել»,- նշեց մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ iNews-ը տեղեկացրել է, որ Հալեպում իսլամիստական «ԴԱԻՇ» խմբավորման կողմից Մինաս անունով հայ է սպանվել: Տեղադրվել է նաև երիտասարդ տղայի լուսանկար, ում հագուստի վրա հայ ավետարանական դրոշմ է երևում: Լուրեր են շրջանառվում, որ երիտասարդը սպանվել է իսլամ չընդունելու պատճառով: Բացի դրանից, համացանցում տեսանյութ է հայտնվել, իբր երկու հայ ընտանիքներ ինքնակամ իսլամ են ընդունել:

Ֆեյսբուքյան օգտատերերից Հարութ Բալուլյանը սպանված երիտասարդի վերաբերյալ գրառում է կատարել՝ հավատացնելով, որ ճանաչում է նրան, և լուսանկարը Մինասի լուսանկարը չէ: «Սա Մինասի նկարը չէ, ես Մինասին գիտեմ. նրա տեղն ու առեւանգման պատմությունները, որ նշվում են, ճիշտ են, բայց նկարը նրանը չէ».-գրել է Բալուլյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am