Հունաստանն ու Հայաստանը կստորագրեն պաշտպանության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր

Armenpress 19:25, 29 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Հունաստանը սերտացնում են պաշպանական ոլորտում առկա համագործակցությունը՝ նոր էջ բացելով ռազմաքաղաքական հարաբերություններում: Այդ մասին հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հրավիրած ասուլիսին նշեց Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: «Այս իմ այցը նշանավորում է նոր բաժնի բացում մեր համագործակցության շրջանակներում՝ ոչ միայն պաշտպանության ոլորտում. հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես նախկինում եղել եմ Հունաստանի արտգործնախարար, մենք կջանանք նոր ոլորտներ ի հայտ բերել  քաղաքական, մշակութային, տնտեսական և իհարկե պաշտպանական համագործակցության ասպարեզում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ավրամոպուլոսը:

Նախարարը նշեց, որ այցի առաջին նպատակը երկու երկրների պաշտպանական համակարգերի ինտեգրումն է: «Մենք հաստատակամ ենք մեր ներդրումը կատարելու տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության առաջ մղման համար: Այս ամենի ոգով, այսօր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ մենք որոշեցինք մեր պաշտպանական հարաբերությունների նոր գլուխ բացել»,- ասաց Ավրամոպուլոսը՝ հավելելով, որ շուտով Աթենք ՀՀ պաշտպանության նախարարի այցի շրջանակում կստորագրվի նոր պաշտպանական համաձայնագիր: «Սա այն ուղերձն է, որ մենք ցանկանում ենք հղել բոլորին`խաղաղության և կայունության ուղերձ՝ ուղղված մեր բոլոր հարևաններին: Սակայն, միևնույն ժամանակ, ուղերձը նաև ցուցադրում է մեր հաստատակամությունն ավելի խորացնելու և ընդլայնելու մեր հարաբերություններն ու համագործակցությունը պաշպանության և ոչ միայն պաշտպանության ոլորտներում»,- ասաց Հունաստանի ազգային պաշպանության նախարարը:

Ավրամոպուլոսը խոսեց հայ-հունական հազարամյա բարեկամական կապերի մասին: Նախարարն ասաց, որ  հայ-հունական երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, միասնության և բարեկամության վրա: Նա նշեց, որ Հայաստանի «սուրբ հողում» վայրէջք կատարելու առաջին րոպեից իրենց  զգացել են ինչպես տանը: Ավրամոպուլոսն ասաց, որ Հունաստանը շարունակում է պահպանել լավագույն պաշտպանական համակարգերից մեկը՝ չնայած ֆինանսական ճգնաժամին: Նրա խոսքով՝ դա հարևաններին խաղաղության և կայունության դրդելու գործիքներից մեկն է:

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ երկկողմ քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հետ կապված խնդիրներին: «Այսօր մենք քննարկումների ժամանակ ևս մեկ անգամ հաստատեցինք, որ 2013 թվականի համար մեր պլանավորած բոլոր միջոցառումներն իրականացվել են և հիմք է ստեղծվել, որպեսզի 2014 թվականին մենք մեր հարաբերություններում նախանշենք զարգացում»,- ասաց նախարարը՝ շնորհավորելով հույն ժողովրդին Ազգային տոնի առթիվ, որը նշվել է հոկտեմբերի 28-ին: Օհանյանը խոստացավ, որ բարձրաստիճան այցելությունները մշտական կլինեն:

Օհանյանը նշեց, որ հայ-հունական երկկողմ պաշտպանական համագործակցությունը երկարատև պատմություն ունի և հիմնված է երկու երկրների ժողովուրդների բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության և միանման մոտեցումների վրա: ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով՝ երկու երկրներն էլ ունեն միևնույն մոտեցումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման հարցերում: Օհանյանը շնորհակալություն հայտնեց հույն գործընկերոջը ՀՀ Զինված Ուժերի խաղաղապահ ստորաբաժանումների միջազգային փորձի առաջին քայլերին օժանդակելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am