Մասնագետներն առաջարկում են «Զվարթնոց»-ի հին համալիրը պահպանել որպես հուշարձան

Armenpress 16:07, 15 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի կլոր շենքը չի կորցրել իր ռեսուրսը` որպես օդանավակայան: Դրա պահպանության համար գումար հատկացնելուց հրաժարվող կոնցեսիոները կարող է նոր տերմինալ կառուցել օդանավակայանի ձախակողմյան տարածքում, որն ազատ է, իսկ կլոր շենքը պահպանել` որպես ճարտարապետական հուշարձան: Այս հարցում համակարծիք էին Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը հոկտեմբերի 15-ին հրավիրված ասուլիսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք մեկ քայլ առաջ համարեցին այն, որ ոչ թե սեփականատերն իրականացրեց իր կամքը` առանց հաշվի նստելու պետական ատյանների որոշման հետ, ինչը եղավ «Փակ շուկայի» և «Երիտասարդական պալատի» պարագայում, այլ սա «առաջին ծիծեռնակներից է», երբ հարցը դրվել է հանրային քննարկման:

«Վստահությունն այն է, որ քո պետությունը կամաց-կամաց իր օղակները պնդացնում է և դասեր քաղում: Ես հուսով եմ, որ նաև շատ մեծ ուշադրություն կլինի ընդհանրապես քաղաքի դեմքը չկորցնելու, մարդկանց համար գեղեցիկ միջավայր պահպանելու խնդիրների նկատմամբ»,- ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Շենքը նախագծվել և կառուցվել է 1970-ականների վերջերին` այն ժամանակների նորմերին համապատասխան, և բնական է, որ կարող է չհամապատասխանել այսօրվա պահանջներին: Այն խորհրդային մոդեռնիզմի ամենալավ նմուշներից է եղել, և նրա հետ կապված խնդիրների քննարկումները պետք է անցկացվեն միայն մասնագետների շրջանակում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել այդ կառույցը` պատճառաբանելով, որ շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ։ Խնդիրը քննարկվել է Հանրային խորհրդի 4 ենթահանձնաժողովներում, որի արդյունքում որոշվել է այն չքանդել; Իսկ հարցն արդեն վերջնական լուծում կստանա Հանրային խորհրդի լիագումար նիստի ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am