Ճանապարհային ոստիկանությունը հերքում է մգացված ապակիներով երթևեկող վարորդներին տուգանելու մասին լուրերը

Armenpress 09:30, 24 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը չի պատրաստվում տուգանել չափից դուրս մգացված ապակիներով մեքենաների վարորդներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե ճանապարհային ոստիկանությունն առաջիկա օրերին պատրաստվում է խիստ վերահսկողություն սահմանել չափից դուրս մուգ ապակիներով երթևեկող վարորդների նկատմամբ և տուգանել նրանց: «Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նման քայլի ոստիկանությունը չի պատրաստվում դիմել»,- ասաց նա:

Բալյանը նշեց, որ ոստիկանությունը սպասվելիք բոլոր միջոցառումների մասին հանրությանը տեղյակ է պահում: «Եթե այդպիսի որոշում լինի, հանրությունն այդ մասին կիմանա հենց ոստիկանությունից»,- վստահեցրեց Բալյանը:

Համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ մոտակա օրերին ոստիկանությունը պատրաստվում է «ռեյդեր» սկսել բոլոր այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց ապակիների մգացվածությունը սահմանված կարգից բարձր կլինի: Ըստ տարածված տեղեկատվության՝ ոստիկանության տարածքային բաժիններ հանձնարարականներ են ուղարկվել, որպեսզի ոստիկանության աշխատակիցներն իրենց մեքենաների ապակիների մգացվածությունը համապատասխանեցնեն սահմանված չափորոշիչներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am