Թուրքիայի իշխանությունը չի կատարում հայկական եկեղեցին պահպանության տակ առնելու որոշումը

Armenpress 13:49, 19 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Թոքաջլը գյուղում գտնվող հայկական Բաշվանք եկեղեցու սեփականատեր Յըլմազ Յամաջը հայտարարել է, որ թուրքական կառավարությունը չի կատարում հայկական պատմական եկեղեցին պահպանության տակ առնելու իր որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» թերթը, Յըլմազը դեռեւս 2012 թ-ին դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը եւ այժմ պահանջում է, որ կառավարությունը կատարի եկեղեցին որպես մշակութային ժառանգություն պահպանության տակ առնելու իր իսկ որոշումը: Նրա խոսքով` գյուղացիները շարունակում են եկեղեցին որպես ախոռ օգտագործել, այնտեղ պահում են իրենց կենդանիներին եւ նրանց համար նախատեսված խոտը:

«Մեր մանկությունն անցկացրել ենք այդ եկեղեցում. մենք այնտեղ խաղում էինք: Երբ գյուղ եմ գնում, տեսնում եմ, որ եվրոպացի զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում եկեղեցու նկատմամբ: Նրանք արդարացիորեն զայրանում են թուրքերի վրա եւ հարցնում. «Դուք ձեր մզկիթներում կենդանիներ պահու՞մ եք»: Ես պատրաստ եմ եկեղեցու սեփականության վկայականը փոխանցել հայկական համայնքին: Ուզում եմ, որ նման գեղեցիկ պատմական կոթողը չկորչի», -ասել Յամաջը:

Թերթը հայտնում է, որ չնայած եկեղեցին տարիներ շարունակ անուշադրության է մատնվել, այն չի կորցրել իր նախկին վեհությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am