Հայաստանի եզդիները կառավարությունից կխնդրեն օգնել Իրաքում ապրող իրենց եղբայրներին

Armenpress 13:18, 14 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրող եզդիները կդիմեն ՀՀ կառավարությանը՝ Իրաքի եզդիներին օգնելու խնդրանքով: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Սաշա Սուլթանյանը: «Իրաքում մեր եղբայրներին կոտորում են: Քուրդիստանի եւ Իրաքի կառավարություններն Իրաքում ապրող եզդիներին ոչնչացնելու եւ նրանց տարածքներին տիրապետելու նպատակ են հետապնդում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա՝ հավելելով, որ 2007-ին Իրաքում 4 եզդիական գյուղ է  ոչնչացվել, ինչի հետեւանքով 1000 եզդի է սպանվել, իսկ կոտորածները մինչ օրս շարունակվում են:

Հայաստանի եզդիներն Իրաքի իրենց եղբայրների փրկության հույսը տեսնում են ՀՀ կառավարության մեջ: «Մենք նամակ-խնդրանքով կդիմենք Արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարներին, որպեսզի նրանք, իրենց լծակներն օգտագործելով, միջազգային կառույցներում բարձրացնեն եզդիների հարցը եւ կանխեն կոտորածները»,- ասաց Սուլթանյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ վերջին շրջանում կոտորածների հետ կապված Իրաքից բազմաթիվ եզդիներ են արտագաղթել: «Այս պահին Իրաքում կես միլիոն եզդի է ապրում, սակայն նրանք էլ ոչնչացման վտանգի տակ են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե այսպես շարունակվի, եզդիները մի քանի տարի հետո կզրկվեն իրենց պատմական տարածքներից:

Սաշա Սուլթանյանը տեղեկացրեց, որ իրենց եղբայրներին օգնության խնդրանքով նամակը ՀՀ կառավարությանը կհանձնեն օգոստոսի 14-ին՝ ընդգծելով որ մեծ հույսեր են կապում կառավարության հետ: Նրա խոսքով՝ ցեղասպանություն տեսած ժողովուրդը չի կարող անտարբեր լինել եւս մեկ ցեղասպանության նկատմամբ եւ քայլեր կձեռնարկի դա կանխելու համար:

Իրաքի եզդիների վրա հարձակումներն իրականացնում են իսլամիստ ծայրահեղականները, ովքեր եզդիներին սատանայապաշտ են համարում: Սուլթանյանի խոսքով՝ իրականում եզդիների կոտորածը քրդերի կողմից պլանավորված քաղաքականություն է, որի միջոցով նրանք ցանկանում են զավթել եզդիների տարածքը եւ վերահսկողություն հաստատել այդ տարածքներում առկա նավթային ռեսուրսների նկատմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am