ԱՄՆ գեներալ Դեմփսին ներկայացրել է Սիրիայում ռազմական միջամտության հինգ տարբերակ

Armenpress 14:09, 23 Հուլիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին ներկայացրել է Սիրիայում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական միջամտության ծախսերը, ռիսկերը և օգուտները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Դեմփսին առաջարկել է ռազմական միջամտության հինգ հնարավոր տարբերակ, որ ներառում են սահմանափակ հեռակա հարվածներ հասցնելու պլանը և արգելել թռիչքներ կատարել Սիրիայի օդային տարածքով: «Սիրիայում ռազմական ուժի կիրառումը պատերազմական գործողության քայլ է, որ ԱՄՆ-ի վրա կնստի միլիարդավոր դոլլարներ»,- հավելել է նա:

Սենատորներին ուղղված բաց նամակում Դեմփսին մասնավորապես առանձնացրել է հետևյալ միջոցառումները, որ ԱՄՆ ռազմական ուժերը կարող են նախաձեռնել Սիրիայում` ուսուցանել, խորհրդատվություն և աջակցություն տրամադրել ընդդիմությանը, սահմանափակ հեռակա հարվածներ հասցնել հրամանատարական կետերին, արգելել թռիչքները Սիրիայի օդային տարածքով, երկրի ներսում ստեղծել բուֆերային գոտիներ, վերահսկել Դամասկոսի` քիմիական զենքի կիրառմանը:

Առաջին տարբերակը ԱՄՆ-ին կարժենա տարեկան 500 մլն դոլար, իսկ մյուս չորս տարբերակները մոտ մեկ միլիարդ դոլար: Այս միջոցառումները կամրապնդեն ապստամբների դիրքերը և զգալիորեն կավելացնեն ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա: Միաժամանակ` ԱՄՆ զինված ուժերի Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավարը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի պատմությունից` մասնավորապես Աֆղանստանի և Իրաքի հետ կապված:

Պաշտոնական Վաշինգթոնը անընդհատ բացառել է ռազմական միջամտությունը սիրիական հակամարտությանը և այժմ սահմանափակ քանակի մարդասիրական օգնություն է տրամադրում հարևան երկրներում ապաստանած սիրիացի փախստականներին և «ոչ մահաբեր» օգնություն` ապստամբներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am