Իրանի մեջլիսում քննարկվել են հայ-իրանական կապերին նոր որակ հաղորդելու հարցեր

Armenpress 17:45, 27 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՍ: Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպել է Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեարդին Բորոուջերդինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Press TV իրանական լրատավամիջոցը, հանդիպման ժամանակ Հայաստանի դեսպանը նշել է, որ մեր կառավարությունը և խորհրդարանը մտադիր են ընդլայնել բարեկամական հարաբերությունները ԻԻՀ-ի հետ և  կոչ է արել երկու երկրներին իրենց հնարավորություններն օգտագործել փոխադարձ կապերի ամրապնդման համար: 

Իրանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական պատմական կապերը կարող ենավելի սերտ համագործակցության  հիմք հանդիսանալ և կոչ է արել զարգացնել բարեկամական կապերը բոլոր ճակատներով:
Ընդգծելով երկու երկրների միջեւ տնտեսական և առեւտրային փոխհամագործակցության կարևորությունը` Բորոուջերդինն ընդգծել է, որ անհրաժեշտ է Իրանի և Հայաստանի  ներուժն օգտագործել ի նպաստ տնտեսական, առեւտրային և արդյունաբերական համագործակցության: Նա նաև կարևորել է խորհրդարանական համագործակցության դերը  տնտեսական համագործակցության նոր ոլորտների ուսումնասիրության հարցում:
Առաքելյանը բարձր է գնահատել Իրանի վերջին նախագահական ընտրությունների ընթացքը, որոնցում ակնհայտորեն հաղթանակ է տարել Հասան Ռոհանին` ստանալով 36,7 միլիոն ձայների կեսից ավելին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am