Իրանագետի կարծիքով` Իրանի նախագահական ընտրություններն էականորեն չեն ազդի ՀՀ հետ հարաբերությունների վրա

Armenpress 18:04, 13 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հունիսի 14-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո հայ-իրանական հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նրա դիտարկմամբ` Իրանը շարունակում է մնալ այն պետությունը, որի հետ Հայաստանը խնդիրներ չունի: «Հայ-իրանական հարաբերությունները դրական առումով էլ ավելի են խորանալու»,-ասաց նա` հավելելով, որ Իրանի արտաքին քաղաքական կուրսը ձեւավորվում է հոգեւոր դասի անմիջական մասնակցությամբ, եւ հենց այդ է պատճառը, որ ընտրություններն էական ազդեցություն չեն ունենա:

Իրանագետի կարծիքով` Իրանի նախագահական ընտրություններն այնքան էլ  թեժ չեն լինելու։ «Իրանի համար հիմա կարեւոր խնդիր է տնտեսական զարգացումը, եւ առաջադրված թեկնածուներից Ալի Աքբար Վելայաթին է ամենալավը կողմնորոշվում այդ հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց Իսկանդարյանը:

Իրանական գազից օգտվելու Հայաստանի հնարավորությանն անդրադառնալով` իրանագետը դիտարկում արեց, որ իրանական գազը որակական առումով զիջում է ռուսականին: Իրանական գազին նախապատվություն է տալիս Եվրոպան»,- հավելեց բանախոսը: 

Իրանի 12-րդ ընտրությունները կայանալու են հունիսի 14-ին: Հաղթողի հավակնորդներ են համարվում Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Սաեդ Ջալիլին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին:

Այսօր Իրանում լռության օր է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am