«Արարատ 73»-40 տարի անց. Խաղընկերները հիշում են Ալեքսանդր Կովալենկոյի մարդասիրության եւ պարի նկատմամբ սիրո գաղտնիքները

Armenpress 10:48, 12 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կովալենկոն ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլեւ ամբողջ ԽՍՀՄ ֆուտբոլի պատմության լեգենդն է». ահա թե ինչպես են այսօր հիշում ու մեկ նախադասությամբ բնութագրում իրենց խաղընկերոջը «Արարատ- 73»-ի ֆուտբոլիստները: Նրանք, իրարից անկախ միանգամից նշեցին, որ Ալեքսանդր Կովալենկոն անմնացորդ նվիրվում էր խաղին, մարդասեր էր եւ ամեն ինչում հասնող ընկեր` բոլորի համար: Նա թիմի ընկերության ոգին է եղել:

Ալեքսանդր Կովալենկո:

Ծնվել է 1943-թվականին: Պաշտպան (կիսապաշտպան, հարձակվող): Սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1962 թվականից: 1971 թվականին ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ առաջնության հաղթող: Նույն թվականներին ընդգրկվել է ԽՍՀՄ «33 լավագույն ֆուտբոլիստներ»-ի կազմում: Հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդական եւ Օլիմպիական հավաքականներում: Պարգեւատրվել է ԽՍՀՄ պատվոգրով: Մասնակցել է 281 խաղի, դարձել 19 գոլի հեղինակ: Ալեքսանդր Կովալենկոն կյանքից հեռացել է 2002թ.:

 

  

Ալեքսանդր Կովալենկոն Նիկոլայ Ղազարյանի հուշերում: ««Արարատ»-ի «բետոնե պատն էր» Կովալենկոն: Նա մեր կենտրոնական պաշտպանն էր, եւ հենց այդ դիրքից էր կախված պաշտպանության հիմնական գիծը: Երբ Կովալենկոն հիմնական կազմում էր, մենք մեզ հանգիստ էինք զգում: Վստահ էինք, որ պաշտպանությունն ապահովված է: Նա շատ հանգիստ ու վստահ էր խաղում, ամուր պաշտպան էր: Գիտեք, որ ֆուտբոլիստները նաեւ թիկունքի մասին են մտածում: Մենք գիտեինք` դարպասին Ալյոշա Աբրահամյանն է, կենտրոնականում` Սաշան, Սանասար  Գեւորգյանը աջից է խաղում, իսկ ձախում Նորիկ Մեսրոպյան է, սա մեզ հաղթելու ուժ էր տալիս:

Մեր ընկերությունը շարունակվում էր նաեւ մարզադաշտից դուրս: Միասին գնում էինք  ձկնորսության: Մեր տարիքի տարբերությունն այդքան էլ շատ չէր, բայց մենք իրեն մեր մեծ եղբայրն էինք համարում»:

Ալեքսանդր Կովալենկո ֆոտբոլիստի եւ մարդու կենսուրախ բնավորությունը, հոգատարությունն ու ընկերասիրությունը առանձնակիորեն հիշեց Սուրեն Մարտիրոսյանը: Խաղըկերոջ մասին պատմելիս նա կարծես եւս մի անգամ երախտագիտության խոսքեր էր հղում նրան: «Կովալենկոյի արարքները եւ խաղադաշտում, եւ առօրյա կյանքում, շարունակում են ապրել իր ընկերների հետ: Նա ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլ նաեւ` ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից մեկն էր: Յուրաքանչյուր թիմ կցանկանար Կովալենկոյի նման ֆուտբոլիստ ունենալ: Նա ֆիզիկապես շատ ամուր էր, կոփված, մրցակցի գրոհները շատ լավ էր չեզոքացնում: Կարողանում էր դաշտի հենց կենտրոնից շատ լավ կազմակերպել մեր թիմի գրոհները:

Ուրիշ էր նա նաեւ մարզադաշտից դուրս: Մեր ուրախությունն էր Կովալենկոն: Երբ ինչ որ առիթով հավաքվում էինք, նա առաջինն էր հայտնվում պարահրապարակում, միշտ պարասրահի կենտրոնում էր: Երբեք չէր հոգնում: Կարողանում էր բոլորիս իրար գլխի հավաքել:

Նա շատ մոտ էր Հայաստանի պարի պետական անսամբլի ղեկավար Սուրեն Չանչուրյանի հետ: Սուրենը մի «արքայական» կատարում ուներ` «Թաշկինակով պար», Կովալենկոն էլ էր հրաշալի կատարում այդ պարը: Մի անգամ Չանչուրյանը պարում էր իր պարը, Կովալենկոն հասավ, մեջքից գողացավ թաշկինակը, պարելով շուռ եկավ, եւ ասաց. «Սուրիկ ջան, ամբողջ կյանքում թաշկինակը ուսիդ դրած խաբեցիր ազգին»:

 Յուրաքանչյուր «արարատցու» համար հպարտություն էր Կովալենկոյի հետ դաշտ մտնելը, խաղալը»,- հիշում է նա:

Լեգենդար «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանն անսահման կարոտով հիշեց պաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին` «ընկեր Ալեքսանդրին»: «Կովալենկոն մեծություն էր: Արժանի ֆուտբոլիստ էր բոլոր հաղթանակների համար: Եթե նա դաշտում էր, ուրեմն մրցակից թիմի հարձակվողները մեր պաշտպանությունում մի անանցանելի պատի էին բախվում: 

Կովալենկոն առաջին հերթին մեծատառով մարդ էր, բարի սիրտ ուներ: Հետաքրքիրն ու անմոռանալին նաեւ այն է, որ երբ արտասահմանում հանդիպում էինք լրագրողների հետ, նա միշտ եւ ամենուր հպարտորեն ասում էր, որ ինքը հայ է, իսկական հայ»- ավելացրեց Զանազանյանը:

 

Ալեքսանդր Կովալենկոյի մասին «արարատցիների» հուշերը գրի առավ Վարվառա Հայրապետյանը 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am